Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



