Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեում իրականացվել են որոշակի փոփոխություններ։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։
«Բյուջեի եկամտային մասում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքը, նախատեսվում է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նվազեցնել 154 մլն դրամով, սուբվենցիաներն ավելացնել 160 մլն դրամով և այն ուղղել այլընտրանքային աշխատանքային ծառայությունների դրամական փոխհատուցմանը։ Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 76 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է վարկա-դրամաշնորհային ծրագրերի մասով, արտարժույթի փոփոխություններով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում։
Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները՝ համաձայն որի Քաղաքացիական ակտերի գրանցման և դրան վերաբերող այլ գործառություններից գանձվող պետական տուրքերն այսուհետև փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, առաջարկվում է համապատասխան եկամտատեսակը նվազեցնել 120 մլն դրամով»,- նիստի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։
Ընդգծվեց, որ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը փաստացի կազմել է 16 մլրդ 370 մլն դրամ, որից 4 մլրդ 528 մլն դրամը բաշխվել է Երևան համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեով։
Հաշվի առնելով Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի կատարման վերջնական արդյունքները՝ սույն որոշման նախագծում նախատեսվում է ճշգրտել տարեսկզբի ազատ մնացորդի գումարը 11 մլրդ 841 մլն դրամով, որից 76 մլն դրամ ուղղել նախորդ բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով առկա պարտավորությունների կատարմանը, նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած մնացորդային գումարից 3 մլրդ 280 մլն դրամը ուղղել նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքների իրականացման ֆինանսավորմանը։
Արդյունքում, հաշվի առնելով արդեն իսկ նշված համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիայի և քաղաքացիական կացության ակտերի մասով պետական տուրքի նվազեցումները՝ մնացորդային գումարը կկազմի 8 մլրդ 201 մլն դրամ, որը կուղղվի Երևանում տարբեր ծրագրերի իրականացմանը։



