
Հիվանդությունների միջազգային դասակարգմամբ՝ խաղամոլությունը համարվում է կախվածություների խմբի խանգարում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծեց՝ արդյո՞ք երեխաներին փոքրուց սովորեցնում ենք, թե ինչ վտանգավոր բան է խաղամոլությունը. «Մենք պետք է զբաղվենք նրանով, որ այսօրվա մեծացող սերունդը, երբ դառնում է 12-13 տարեկան ու հասանելիություն է ունենում սմարթ հեռախոսներին, ինտերնետին, նաև՝ բանկային քարտերին, պետք է հասկանա, որ չպետք է սկսի նման վարքագիծ դրսևորել, որը ինչ-որ մի օր կարող է դառնալ խանգարում ու որը կարող է պահանջել բժշկական միջամտություն»,- նշեց Թորոսյանը։
ՔՊ-ականի խոսքով՝ պետք է մտածել այնպիսի հատուկ տարբերակ, որ խաղամոլությունից զերծ հասարակություն ունենանք։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի՝ կազինոների, շահումով խաղերի, տոտալիզատորների ոլորտում հարկային բեռի ավելացման նախագիծը։
Նախագծի հիմնական փոփոխությունը ոլորտում արդեն գործող տուրքերն ու հարկերը ևս մեկով՝ 10 տոկոս շրջանառության հարկով ավելացնելն է:
Եթե 2010-ին ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ, ապա 2023-ին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի։ Մինչդեռ հավաքագրվող հարկերը և տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: