Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել շուրջ 250 շահառու․ տրամադրվել է շուրջ 220 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 12.370 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 8 մլրդ 837 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
- մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
- հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝
- ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
- ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,
- հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
- տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
- ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):
Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝
- ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
- ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
- տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
- ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։
Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։