Երեկ ինչ որ մեկը հիշեց, որ Հայրենական Մեծ Պատ...

 Երեկ հունիսի 22-ն էր։ Ուղիղ 80 տարի առաջ այդ օրը սկսվեց Հայրենական Մեծ Պատերազմը։ Ռուսաստանն այն հռչակել է «Հիշատակի եւ տխրության օր»։ Օրվա ողջ ընթացքում նույնիսկ հեռուստաեթերը «շնչում» էր օրվա խորհրդով։

Ընդհանրապես արձանագրենք, որ Ռուսաստանի գործող վարչակարգը Հայրենական Մեծ Պատերազմն ու այն ամենը, ինչը կապված է դրա հետ, դարձրել է յուրօրինակ պաշտամունք, գաղափարախոսություն, որը ջատագովում է պետական մակարդակով։ Ու հասկանալի է, որ նման հիշատակի ամսաթվերի հանդեպ վերաբերմունքը նաեւ որոշակիորեն կարող է ազդել միջպետական հարաբերությունների վիճակի վրա։ Երեկ, օրվա ողջ ընթացքում Հայաստանից ոչ մի կարեւոր պետական իշխանության մարմին հունիսի 22-ի հետ կապված ոչ մի ռեակցիա չտվեց։ Մինչդեռ Հայրենական Մեծ Պատերազմը նաեւ Հայ ժողովրդին էր վերաբերվում։

Չեղան հանրային միջոցառումներ, ուղերձներ եւ այլն։ Սա լուրջ դիվանագիտական բացթողում է, որը անշուշտ առաջիկայում կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Թե երբ Երեւանում նման նյուանսներին ուշադրություն կդարձվի, դժվար է ասել, բայց խիստ հատկանշական է այն, որ երեկ Պուտինի եւ Մերկելի միջեւ է հեռախոսազրույց եղել։ Գուցե այլ օր լիներ, այդքան ուշագրավ չլիներ, բայց հենց հունիսի 22-ի օրով, խիստ հատկանշական է։ Ու մինչ դիվանագիտությունը նաեւ այսպիսի նյուանսների վրա է կառուցվում, Հայաստանում գրեթե բոլորը զբաղված են ներքաղաքական «ռաբիզի» տակ «պարելով»։