Էրդողանը Թուրքիայի թեկնածությունն առաջարկել է...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկի Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթաժողովում հայտնել է, որ անհրաժեշտ է օգտագործել եւ զարգացնել տրանսպորտային միջանցքները, մասնավորապես Միջին միջանցքը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար։

«Շուշիի գագաթաժողովում  Ադրբեջանի նախագահն առաջարկեց նշանակել հատուկ ներկայացուցիչ Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար»,- հիշեցրել է նա, տեղեկացրել է www.tazabek.kg-ը։

Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է առաջարկել Թուրքիայի Հանրապետության թեկնածությունն այդ դերում։ Նա նաեւ ընդգծել է ԹՊԿ անդամների բնակչության թվաքանակի (175 մլն) եւ առեւտրի 1,2 տրլն դոլար մակարդակի հնարավորությունները։ Գագաթաժողովին մասնակցում են 5 անդամ պետությունների, դիտորդ երկրներ ղեկավարները եւ հրավիրված հյուրեր։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Միջին միջանցքը բաղկացած է երկաթուղուց, որը միացնում է Չինաստանն ու Ղազախստանը Դոսթիկ երկաթուղային կայարանի միջոցով կամ Հորգոս անցակետով եւ հետո անցնում է Ղազախստանի տարածքով մինչեւ Աքթաու կայարան, հետո հատում է Կասպից ծովը մինչեւ Բաքու/Ալյաթ նավահանգիստ։ Այնուհետեւ միջանցքի երթուղին անցնում է Ադրբեջանով եւ Վրաստանով, երկաթուղով, իսկ հետո շարունակվում է երկաթուղով Եվրոպա Թուրքիայով, կամ հատում է Սեւ ծովը։ ԹՊԿ-ն կազմված է 5 անդամ պետություններից (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա, Ուզբեկստան) եւ 2 դիտորդ պետություններից՝ Հունգարիա եւ Թուրքմենստան։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ կենտրոնակայանում, Գլխավոր վեհաժողովի 79-րդ նսաշրջանում հայտնել է, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ Միջին միջանցքի (Middle Corridor) մի մասը՝ ապահովելով դրանով բեռների տեղափոխման ավելի մեծ արագություն եւ արդյունավետություն։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նախաձեռնել են ՀՀ իշխանությունները։