Թուրքիան, Ադրբեջանը եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (Թուրքիայի կողմից զավթված Կիպրոսի մի մասը) պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Բիշքեկում, Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթաժողովում։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդունվել է համաթյուրքական այբուբեն 34 տառերից եւ դա անվանել է «պատմական քայլ»։
Էրդողանը գնահատել է համաթյուրքական այբուբենի ընդունումը որպես թյուրքական պետությունների ապագայի համատեղ քայլ. «Այսուհետ անդամ երկրները, հիմք ընդունելով այդ այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են անցնել համաթյուրքական այբուբենին։ Կարեւոր է, որպեսզի Ղազախստանը, Ղրղզստանը, եւ Թուրքմենստանը նախաձեռնություն ցուցաբերեն նոր այբուբենն ընդունելու հարցում»։