Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը. քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: Քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձն, օրինակ, այդ փոփոխության արդյունքում 575 հազար դրամից կդառնա 1 մլն 200 հազար ՀՀ դրամ:
Politik.am-ը աշխատավարձերի այսչափ բարձրացման արդարացված լինելու մասին լսել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքը: Վերջինս ասում է՝ չի կարող մեկնաբանել՝ այսչափ բարձրացումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, այնուամենայնիվ նշելով՝ կողմ է, որ պետական ոլորտում աշխատող բոլոր քաղաքացիները բարձր վարձատրվեն, բայց, ըստ Վարդանյանի, դա ամենևին չի նշանակում, որ վարչական ղեկավարի տեղակալը կարող է ավելի շատ վճարվել, քան, օրինակ, մարզպետը, չի նշանակում, որ քաղաքապետի աշխատակազմի քարտուղարը կարող է ավելի շատ վարձատրվել, քան ԱԱԾ տնօրենը կամ ՀՀ ոստիկանապետը:
«Այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի լարված ու վտանգավոր աշխատա՞նք են իրականացնում: Երկուսն էլ պետական աշխատանքներ են: Քաղաքապետարանը մեկանաբանում է, որ համայնքապատկան բյուջեն թույլ է տալիս բարձրացնել աշխատավարձերը: Այդ դեպքում, ինչու պետական բյուջեից, օրինակ, մարզպետների աշխատավարձը չեն եռապատկում կամ հնգապատկում»,-նշում է Վարդանյանը:
Ավագանու անդամի խոսքով՝ խնդիրն անհավասարությունն է.«Չեմ ուզում գնահատականներ տալ կատարված աշխատանքի վերաբերյալ, չկատարված աշխատանքն ավելի շատ է գործող քաղաքային իշխանության կողմից, և դա հստակ է: Կարծում եմ, որ արդարաություն ամենևին չկա, և ինձ հետաքրքիր է՝ ինչ սկզբունքով է քաղաքապետը, և, մասնավորապես, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն, ով անձամբ համակարգում է այդ ոլորտը, պատրաստվում աշխատավարձերի նմանօրինակ բարձրացում անել»:
Թեհիմա Վարդանյանն ընդգծում է՝ «Լույս» խմբակցությունը դեմ չէ, որ որևէ պաշտոնյա բարձր վարձատրվի.«Բազմաթիվ աշխատակիցներ գուցե նույն աշխատանքը կատարելու համար ավելի բարձր վճարվեն մասնավոր սեկտորում, բայց արդյո՞ք համայնքային բյուջեն մեզ թույլ է տալիս նման շռայլ աշխատավարձեր սահմանել քաղաքապետարանի աշխատակիցների համար»:
Վարդանյանը հույս է հայտնում, որ Կառավարությունը մինչև մայիսի 8-ին կայանալիք նիստը այս ամենը ևս հաշվի կառնի.«Երբ քաղաքապետին որևէ բան անհրաժեշտ է, երբ ինքն ինքնուրույն չի կարողանում որևէ բան անել, միանգամից դիմում է կառավարության «ուսին լացելուն»: Հիմա ես կոչ եմ անում կառավարությանը աչքի անցկացնել ամսի 8-ին ավագանու օրակարգ եկած նախագծերը՝ թե՛ բյուջեի փոփոխությունը, թե՛ հաստիքացուցակը: Եթե իրենք այնտեղ որևէ խնդիր չտեսնեն, ինչն ինձ համար առնվազն տարօրինակ կլինի, թող որ իրենց խմբակցությունը որոշի՝ ինչ են քվեարկելու այդ նախագծերին»:
Մարիամ Սարգսյան



