Երբ հույսը սորոսականներն են կամ Միքայել Մինաս...

Նիկոլ Փաշինյանի նախկին (միանշանակ չենք պնդում, որ նախկին) գործընկերներ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները, Փաշինյանի նախկին(միանշանակ չենք պնդում, որ նախկին)  թիմակից  Տաթևիկ Հայրապետյանը ու մի շարք այլ երիտասարդներ նոր շարժում են սկսել «Զանգ» անունով։

Այս մարդիկ 2023 թվականին իրենց համար պարզել են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է հայկական շահերը, իսկ Հայաստանը կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան» ու պահանջում են գործող իշխանությունների հրաժարականը։

Իհարկե կարելի էր չանդրադառնալ փոքրիկ այս խմբակի գործունեությանը, եթե չլիներ երկու դրվագ, որոնց անդրադառնալ միանշանակ արժե։

Առաջինն իհարկե այն է, որ Փաշինյանի նախկին թիմակիցները, լինելով Արևմուտքի ազդեցության գոտում, չէին կարող առանց հրահանգի ու զուտ հայրենասիրությունից դրդված փողոց դուրս գալ։ Եթե նրանց Հայաստանի հայկական ապագան հետաքրքրում էր, ապա առանվազն 2020-ից նրանք կլինեին փողոցում ու կաջակցեին Փաշինյանի հեռացման համար փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիների։ Ընդ որում իրենց կողմից այս օրերին դաշտ նետվող թեզերը լիարժեք հնարավորություն կտար նրանց կանգնելու այդ օրերին փողոց դուրս եկած ընդդիմության կողքին։ Հիշեցնենք, որ շարժման ներկայացուցիչներից Միքայել Հայրապետյանը հայտարարել է, թե հիմա առաջնայինը Հայաստանը փրկելն է ու պետք է միավորվել, իսկ գործը գլուխ բերելուց հետո կարելի է «իրար միս ուտել»։ 2021-ին նրանք ճիշտ հակառակն էին անում և պնդում էին, որ չեն կարող կանգնել ֆավորիտ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Թե ինչ է փոխվել Փաշինյանի նախկին գործընկերների մոտ՝ դեռ պարզ չէ։

Երկրորդ ուշադրության արժանի դրվագն այն է, որ այս շարժմանը սատարում են նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր, այդ թվում ՔՈ-ին, համարում էին պետության թշնամի Սորոսի գործակալական ցանցի մաս և նրանց դեմ աննկուն պայքարի կոչ էին անում։  Այս պահին դեռ հասկանալի չէ, թե ինչպե՞ս են այս մարդիկ պետության թշնամու ցանցի մաս կազմող խմբակի հետ փորձելու պետություն փրկել։ Դա երևի Միքայել Մինասյանը կիմանա, ով շաբաթներ առաջ կոչ էր արել միավորվել, այդ թվում, սորոսականների հետ։