Պատկերացրեք՝ հաց էլ են ուտում, պատկերացրեք, մարդը երեկոյան աշխատանքից հետո, որ տուն է գնում, քնում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետն ու իր կինը ամեն ինչ թողած հեծանիվ են վարում:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ դրա համար փողոցներ են փակում, նա արձագանքեց. «Առավոտյան ժամը 7-ին ձեզ խանգարո՞ւմ ա: Երբ վարչապետը առավոտյան ժամը 6-ին հեծանիվ է քշում որեւէ մեկին խանգարո՞ւմ է: Ո՞ւմ է խանգարում առավոտյան ժամը 6-ին հեծանիվ քշելը: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկին նեղություն է պատճառով վարչապետի ժամը 6-ին, 20 հոգանոց հեծանվային արշավը:
Ես չեմ կարծում, որ առանձին հեծանիվ վարելու համար բյուջեից գումար է հատկացվում: Ինչպես ուղեկցում են աշխատավայր, այնպես էլ այդ ժամանակ են ուղեկցում: Ծիծաղելի է, որ առանձին հեծանիվ վարելու համար կարելի է ենթադրել, որ բյուջեից գումար է հատկացվում»:
Դիտարկմանը, որ Ալիեւը զորավարժություններ է անում, իսկ Փաշինյանը հեծանիվ է քշում, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Այսինքն Նիկոլ Փաշինյանը միայն հեծանիվ է քշո՞ւմ: Փաշինյանը հեծանիվ քշում է ոչ աշխատանքային ժամի։ Իսկ աշխատանքային ժամին, մի անհանգստացեք, զբաղվում է և՛ անվտանգային հարցերով, և՛ շատ ու շատ այլ հարցերով:
Երկրի վարչապետն առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին հանդիպում է Մակրոնի հետ, այլ երկրի ղեկավարների հետ, այդտեղ ի՞նչ խնդիր եք տեսնում»:
Անդրադառնալով պատերազմի սպառնալիքին ու այդ իրավիճակում ՀՀ իշխանության գործողություններին՝ Հակոբյանն ասաց. «Այն, որ մենք Հնդկաստանից զենք ենք ձեռք բերում, դա չեք տեսնում, բայց, որ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է այս ինչը անի կամ չանի, դուք դրա մասին եք առավոտից երեկո խոսում»: