
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ելույթն ավագանու նիստին․
Հարգելի՛ քաղաքացիներ,
2004 թվականին ընդդիմադիր խմբագիր աշխատող Նիկոլ Փաշինյանի գրասենյակի դիմաց կայանված ավտոմեքենան հրկիզվել էր։ Այն ժամանակ գործող իշխանությունը արագ արձագանքեց տեղի ունեցածին։ Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, ստացավ փոխհատուցում, որը շատ ավելին էր, քան պատճառված վնասը։ Ըստ նույնատիպ լուրերի՝ Փաշինյանը համաձայնել էր թեման չզարգացնել, քանզի նյութապես շահել էր տեղի ունեցածից։ Այրվել էր «Նիվա» մակնիշի մեքենան, բայց նրան հասել էր շատ ավելին, քան «Նիվայի» գինն էր։ Այդպես էր դա թե ոչ, կարելի է դատել «Հայկական ժամանակ» թերթի այդ օրերի հրապարակումներից ու դեպքերի հետագա ընթացքից։
2025 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, տեղի ունեցավ նմանատիպ հանցագործություն։ Այրեցին Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող ավտոմեքենան, որը կայանված էր անմիջապես տան կողքը, և եթե Աստված մի արասցե չհասցնեին մարել կրակը և տեղի ունենար մեծ պայթյուն, ապա մարդկային ողբերգությունն անխուսափելի էր լինելու։ Բանն այն է, որ ավտոմեքենան կայանված էր Ստեփանյանի սեփական տանը շատ մոտ՝ երեխաների սենյակի հարևանությամբ։ Թե ինչ ապրումներ են ունեցել երեխաները, դժվար է բառերով փոխանցելը։
Նման հանցագործությունները դատապարտելի են։ Բայց կա մի առանձնահատկություն։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած դեպքի, երբ աղմուկը մեծ էր, այս անգամ զարմանալիորեն լռություն է տիրում քաղաքական դաշտում։ Իշխանության ներկայացուցիչը բավարարվեց հերթապահ հայտարարությամբ ու թեմային այլևս չանդրադարձավ։
Դեպքի հետ կապված կա կալանավորված անձ, բայց դեռ չկա կազմակեպողների վերաբերյալ որեէ տեղեկություն, այնինչ օր առաջ պետք է բացահայտել հենց կազմակերպիչներին ու հրահրողներին, որպեսզի պարզ դառնա հանցագործության մոտիվացիան։ Սակայն դեռ նորություն չունենք, ինչն էլ հիմք է տալիս կասկածելու, որ պարզապես բացահայտելու ցանկությունը մեծ չէ։
Գևորգ Ստեփանյանն անձնական տիրույթում թշնամիներ չունի։ Հետևաբար՝ տեղի ունեցածը նրա հանրային գործունեությամբ է պայմանավորված։ «Մայր Հայաստանն» արդեն իսկ տարածել է հայտարարություն, համաձայն որի այս հանցագործությունը գնահատվում է որպես քաղաքական ահաբեկչություն, որով փորձ է արվում սահմանափակել օրվա իշխանություններին ուղված բովանդակային քննադատությունը և ստեղծել վախի մթնոլորտ։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին սեղմ ժամկետներում բացահայտել հանցագործությունն ամբողջ ծավալով։