Ռուսական «REX» լրատվական գործակալության հրապարակման համաձայն, ամենայն հավանականությամբ այս տարվա մայիս ամսին Թուրքիան կհայտարարի որ բացում է Հայաստանի հետ սահմանը։ Հրապարակման հեղինակ Սիմեոն Կարախանյանը կարծում է, որ դա կլինի այս տարվա մայիսի 12-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Շուշին անցել է Ադրբեջանի հսկողությանը, ըստ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքների։ Պաշտոնական Անկարան իհարկե ժամկետի ընտրությունը պայմանավորում է այն բանի հետ, որ ավարտվի Ռամադանը, սակայն հոդվածագիրը կարծում է, որ ժամկետն այն բանի համար է ընտրված, որպեսզի նաեւ սիմվոլիկ կերպով ջնջի մայիս ամսվա՝ հայկական իրականության մեջ որպես հաղթանակների ամիս լինելու ընկալումը։ Ընդհանրապես թուրքական ներկա վարչակարգը բավական տուրք է տալիս սիմվոլիկային եւ Էրդողանի վերջին այցն էլ Հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա քաղաք, Վարոշա թաղամաս, կրկին սիմվոլիկա էր պարունակում իր մեջ եւ ընտրված էր այն օրը, երբ փակվել է Վարոշան ինչպես թուրքերի, այնպես էլ հույների այցելության համար։



