Ե՞րբ կարող է քաղաքական ուժի գրանցումը ուժը կո...

Ընտրական օրենսգիրքը հստակ ասում է թե որ դեպքերում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը մերժվում, ի՞նչ չափանիշների պիտի բավարարի կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որպեսզի գրանցվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընտրակաշառքների բացահայտումների ֆոնին հնարավո՞ր է, որ ԿԸՀ–ն մերժի գրանցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար։

«Որևէ ուժի նկատմամբ քրեական հետապնդում կամ վարչական տուգանք, այդ ամենը կապ չունի կուսակցության գրանցման հետ։ Դա կարող է հիմք լինել, թե չի կարող, դա իմ տիրույթը չէ»,–ասաց նա։

Ճշտող հարցին, եթե կուսակցությունը գրնցվել է արդեն, դրանից հետո ինչպես և որ դեպքերում կարող է այդ գրանցումը չեղարկվել, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Եթե կուսակցությունը փաստաթղթերը ներկայացնում է, պատշաճ գրանցվում է, դրանից հետո եթե կուսակցությունը ընտրական օրենսգրքով սահմանված այնպիսի խախտումներ է թույլ տալիս, կամ ասենք պարզվում է, օրինակ, որ փաստաթղթերը կեղծված են, կամ Ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ է թույլ տալիս, ընդ որում, ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից, այդ դեպքում  ԿԸՀ–ն կարող է դիմել դատարան կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Բայց կրկնում եմ, դա պիտի լինի ծանրակշիռ փաստերի պարագայում։ Ծանրակշիռ փաստեր պիտի լինեն, որպեսզի ԿԸՀ–ն նման փաստերի պայմաններում այլևս պարտավոր լինի դիմել դատարան։ ԿԸՀ–ն գործումէ  փաստերի վրա։

Այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է արագ հինգ հոգանոց կազմով, և վճիռը անմիջապես ուժի մեջ է մտնում։ Բայց ես լիահույս եմ, որ մեր քաղաքական ուժերը բոլորը կգործեն ընտրական օրենսգրքի շրջանակներում, եթե անգամ կլինեն անհատներ, որոնք օրենքով պատասխանատվության ենթադրող գործողություններ կանեն, այդ անհատները կենթարկվեն պատասխանատվության, բայց քաղաքական ուժերը կգործեն ընտրական օրենսգրքով սահմանված խաղի կանոնների շրջանակներում և ուժերը թույլ չեն տա ընտրական օրենսգրքի համակարգված այսպես էլ խախտումներ»,–ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ որպեսզի որևէ քաղաքական ուժ չգրանցվի ԿԸՀ–ում, շատ ջանք ու եռանդ պետք է գործադրի, թերի ներկայացնի փաստաթղթերը։

Անդրադառնալով նրան, որ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու կոչեր, ԿԸՀ նախգահն ասաց, որ քարոզչության փուլ է և քաղաքական ուժերն ու գործիչները ազատ են քննադատելու իրար,  մեղադրանքներ ներկայացնելու, մեկը մյուսի սխալի հետևանքը յուրովին ներկայացնելու, գնահատելու։ ԿԸՀ–ն գործում է ընտրական օրենսգրքի շրջանակներում, և եթե որևէ պահանջ հիմնված չի Ընտրական օրենսգրքի նորմերի վրա, մենք չենք կարող ոչ այդ պահանջին ընթացք տալ, ոչ այդ պահանջը գնահատել»։