
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալեքսանդրապոլում (Գյումրի) տեղական ինքնակառավարումը շուրջ 130 տարվա պատմություն ունի: 1896 թ.-ին գյումրեցիներն իրենց հայրենի քաղաքում իշխանություն ձևավորելու և իրենց քաղաքի ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում: Դա բացառիկ շանս էր մեր նախնիների համար՝ պատմական քաղաքի առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներին լուծումներ գտնելու համար: 1892 թ․-ին Ռուսաստանում ցարական կառավարությունն ընդունում է նոր քաղաքային կանոնադրությունը, որով նոր կարգավորումներ են ներդրվում տեղական ինքնակառավարման համակարգում։ Հենց վերոհիշյալ կանոնադրության համաձայն էլ Ալեքսանդրապոլում ներդվում է քաղաքային ինքնավարումը: Ցարական Ռուսաստանի կազմում հայերն առաջին անգամ քաղաքային գործերի շրջանակներում սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն են ստանում։
Քաղաքային ինքնակառավարման մարմիններն էին քաղաքային դուման, վերջինիս հաշվետու քաղաքային վարչությունը։ Քաղաքային դուման ընտրվում էր չորս տարով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությամբ։ Ձևավորված դուման ընտրում էր քաղաքագլխին ու քաղաքային վարչության անդամներին։ Քաղաքագլուխ երկու մարմինների՝ Դումայի և վարչության ղեկավարն էր։
Դումայի և կառավարության միջև լիազորությունների բաշխումը նման էր օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանմանը։ Դուման ընդունում էր ընդհանուր կանոններ և կանոնակարգեր, նշանակում պաշտոնյաների աշխատավարձեր, կարգավորում տեղական հարկերը, վերանայում բյուջեն, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները, տալիս ընդհանուր հրահանգներ գործադիր իշխանությանը և այլն։ Քաղաքային պետական կառավարման մարմինների իրավասությունը ներառում էր տնտեսական հարցեր՝ ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, սննդի մատակարարում, կանաչապատում, հակահրդեհային միջոցառումներ, առողջապահություն, հանրակրթություն և այլն։
1892 թվականի հունիսի 11-ի քաղաքային կանոնադրությամբ հարկային ընտրական ցենզը փոխարինվում է գույքայինով, ինչն էականորեն սահմանափակում է ընտրական իրավունք կրող քաղաքացիների թիվը: Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստանում քաղաքի միայն այն բնակիչները, որոնք առնվազն 300 մինչև 3000 ռուբլի (կախված քաղաքի կարևորությունից ու մեծությունից) արժողությամբ անշարժ գույք ունեին։
1896 թ․-ի նոյեմբերին տեղի ունեցած Ալեքսանդրապոլի դումայի ընտրություններին իրավունք են ունեցել մասնակցելու 378 ընտրող, այսինքն բնակչության 1 տոկոսը: 1897 թվականին կայսերական մարդահամարի տվյալներով Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ:
Ալեքսանդրապոլցի 378 ընտրողներից ընտրողական ժողովում իրավատեր է ճանաչվել 174 հոգի: Մնացածները բացակայել են քաղաքից կամ անկարող են եղել ժողովին ներկայացնել վավերական իրավագրեր համապատասխան անշարժ գույքի վերաբերյալ: Անշարժ գույքի նման ցենզի սահմանման պարագայում բնական է, որ քաղաքի դումայում հայտնվելու համար պետք է պայքարեին Ալեքսանդրապոլի առևտրատնտեսական էլիտան՝ քաղաքի հայտնի ընտանիքների ներկայացուցիչները:
Դումայի կազմի առաջին ընտրություններն անցկացրել է ընտրական ժողովը՝ 3 փուլով: Նոյեմբերի 24-ին տեղի է ունենում բուն ընտրությունների 2 փուլ, որին ներկայանում են համապատասխանաբար 163 ու 144 ձայնավորներ: Ընտրությունների երրորդ՝ վերջնական փուլը տեղի է ունենում նոյեմբերի 25-ին, որին մասնակցում է 144 ընտրող: Ստացվում է, որ Ալեքսանդրապոլի առաջին քաղաքային դուման ընտրվել է քաղաքի բնակչության շուրջ 0.5 տոկոսի մասնակցությամբ:
Դումայի ձայնավորի թեկնածուների ցանկը բազմազգ էր, բայց գերակշռում էին հայերը: Հայերից բացի քաղաքային ընտրություններին մասնակցում էին տեղացի ռուսները, վրացիներն ու հույները: 1896 թ․-ի նոյեմբերի 24-ից 25-ը կայացած քաղաքային դումայի ընտրությունների արդյունքում ընտրվում են դումայի 35 անդամներ (ձայնավոր)։
Ալեքսանդրապոլի առաջին դումայի անդամ են ընտրվում գեներալ Վալերիան Պրոսկուրիակովը, Հակոբ Մնճոյանը, Հովաննես Դրամփյանը, Իվան Լուկիանովը, Յովհաննես Տեր-Դավթեանը, Գեղամ Տեր-Պետրոսյանցը, Հակոբ Մատինյանը, Սարգիս Մութաֆյանը, Գարեգին Տիգրանյանը, Լ. Նադիրադձեն, Պողոս Ձիթողցյանը, Արամ Կարանյանը, Տիգրան Յուզբաշյանը, Լուկա Մերկուրով, Պյոտր Վլասովը, Հարություն Ալանակյանը, Հարություն Սանոյանը և այլն։
Քաղաքագլխի ընտրությունները տեղի են ունենում 1897թ․-ի գարնանը։ Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ ընտրվելու համար թեժ պայքար է ծավալվում Գեղամ Տեր-Պետրոսյանցի և գեներալ Պրոսկուրիակովի միջև։ Ահա, թե ինչ են գրում այդ ընտրության մասին օրվա մամուլի էջերում․ «Վերջապես Ալեքսանդրապոլի «Գորդեան հանգոյցը» լուծվեց: Հաշտարար դատարանում տեղի ունեցավ քաղաքագլխի և դումայի երկու անդամների ընտրությունը: Դեռ ընտրութիւնից մի քանի օր առաջ ձայնաւորների շրջանում սկսվել էր մի առանձին իրարանցում-խլրտում։ Բոլորը բաժանվել էին երկու բանակի և իւրաքանչյուրն առանձնապես աշխատում էր առաջ տանել իր թեկնածուի ընտրությունը։ Մի կողմի թեկնածուն էր գեներալ Պրոսկուրիակովը, իսկ մյուս կողմինը՝ Գեղամ Տեր-Պետրոսյանը…
Վերջապես հասավ ընտրության օրը։ Ժողովին մասնակցում էին 33 ձայնավորներ (2-ը բացակա էին)։
Քվեարկվեցին վերոհիշյալ երկու անձնավորությունները, որոնցից գեներալ Պրոսկուրիակով ստացավ 12 սպիտակ և 21 սև, իսկ Գեղամ Տեր-Պետրոսյացը 21 սպիտակ և 12 սև քուէ։
Այդպիսով ընտրված է վերջինը»:
Գեղամ Տեր-Պետրոսյանցը, որը կրթված ու լայն աշխարհայացք ունեցող անձնավորություն էր, դառնում է Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքապետը։ 4 տարի ժամկետով ընտրված քաղաքային առաջին դուման նաև առաջին նիստում նշանակում է քաղաքագլխի աշխատավարձի չափը, որը տարեկան կազմում է 2400 ռուբլի:
Գաղտնիք չէ, որ մինչև 1896թ․-ը, երբ Ալեքսանդրապոլում դեռևս ներդրված չէր քաղաքային ինքնակառավարումը, քաղաքի բարեկարգումը, ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները գտնվում էին, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։
Ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ մինչև քաղաքային դումայի ու վարչության կողմից Ալեքսանդրապոլի կառավարումը քաղաքում մոտավորապես այս պատկերն էր․
«Բացի Բեհբութեան փողոցից (ճանապարհների հաղորդակցութեան վարչութեան հոգացողութեան ներքոյ էր), մի փողոց կամ հրապարակ շինված չէր. ամբողջ քաղաքը լուսաւորվում էր 252 լապտերներով․ բաւական լաւ խնամվում էր քաղաքային այգին. նոր բացված էր բուժանոցը. քաղաքը 2000 ռուբլի էր տալիս իգական պրօգիմնազիային, 200 ռուբլի քաղաքային ուսումնարանին եւ 70 ռուբլի տալիս էր վերոյիշեալ պրօգիմնազիայում մի որդեգրուհի պահելու համար. այդ 2270 ռուբլին ստացվում էր քաղաքացիներից»։
Ոստիկանական վարչությունից քաղաքի կառավարումը ստանձնելու ժամանակ՝ 1897 թ-ի օգոստոսին, քաղաքի բյուջեն կազմել է՝ եկամուտ՝ 47 609 ռ., իսկ ծախսը՝ 55 886 ռուբլի: Իսկ 4 տարի անց՝ 1901թ-ին քաղաքային վարչութեան բյուջեն հետևյալ տեսքն է ունեցել՝ մուտք՝ 107143 ռուբլի, ձախը՝ 97 500 ռ.:
Այսինքն՝ 4 տարվա ընթացքում քաղաքի բյուջեն կրկնապատկվել է, ու եկամուտները գերազանցել են ծախսերին:
Քաղաքային կառավարման հաջողությունների մասին է խոսում նաև կատարված աշխատանքների հաշվետվությունը, որն առավել տպավորիչ է:
Գեղամ Տեր-Պետրոսյանցի կառավարման 4 տարիների ընթացքում Ալեքսանդրապոլում կառուցվում են 3 կամուրջներ, սպանդանոց, հականեխիչ կայաններ, քաղաքային բյուջեի ֆինանսավորմաբ բացվում են օրիորդաց պրոգիմնազիան ու առևտրական ուսումնարանը: Քաղաքում բացվում է գրադարան, քաղաքային բանկն ու աղքատախնամ հաստատությունը: Քաղաքն էականորեն բարեկարգվում է՝ սալահատակվում է շուկան, բարեկարգվում է քաղաքային այգին ու այգու շուրջ կառուցվում են մայթեր, այգու հարևանությամբ գտնվող գերեզմանների հաշվին ընդարձակվում է քաղաքային այգին, մաքրվում են Գյումրի ու Սպիտակ ջուր կոչվող գետակների ավազանները, կրկնապատկվում են քաղաքային լուսավորության լապտները:
Քաղաքային ինքնավարության ներդրումը մեծապես նպաստեց քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շատ ավելի արդյունավետ լուծմանը, ինչպես նաև այդ համակարգը դարբնոց հանդիսացավ պետական ծառայողների համար, որոնք հետագայում իրենց ներդրումն ունեցան Առաջին հանրապետության կայացման գործում:
Քաղաքի կառավարման համակարգի այս բարեփոխումը դրականորեն է կանխորոշում քաղաքի հետագա զարգացումն առնվազն մինչև 1917 թ․-ը։