Ե՞րբ է գյուղացին իրեն երջանիկ զգալու. Փաշինյա...

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի այն հարցին, թե ո՞վ պիտի ֆինանսավորի տնտեսական հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ֆինանսական մի աղբյուր չպիտի լինի, բայց ամենակարևոր աղբյուրը պիտի լինի բանկային համակարգը:

«Մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պիտի այս պրոցեսները ֆինանսավորեն և ֆինանսական միջոցները դարձնեն ավելի մատչելի: Անկեղծ ասաց, դեռ որևէ նեգատիվ բան չեմ նկատում այս համագործակցության մեջ և ուզում եմ ասել, որ մենք որևէ լոբբինգի տրվող չենք»:

Ե՞րբ են մարդիկ իրենց մաշկի վրա փոփոխություններ զգալու. այս հարցին պատասխանելու համար Նիկոլ Փաշինյանը վերցրեց հեռախոսը և շեշտեց, որ սովորաբար իր հեռախոսի մեջ է նշումներ անում, հիմա արդեն դադարել է անել, քանի որ փոփոխությունները շատանում են և չի կարող այլևս դրա մեջ գրել: Լավ փոփոխությունները օրինակներով է բերում վարչապետը:

«10 000 բուժաշխատողների աշխատավարձերը  նախնական օղակում 30%-ից 40% բարձրացել է, փոփոխությունները մարդիկ շոշափելի չե՞ն զգում իրենց վրա: Դեռ հուլիսի 1-ից, կուտակային  կենսաթոշակի համակարգում մեր արած փոփոխություններով 206 000 մարդու աշխատավարձ բարձրացել է, շատ մեծ չէ, բայց բարձրացել է և եթե մենք աղքատություն ունեցող երկիր ենք, այդ բարձրացված չափը մարդիկ շոշափելի  զգո՞ւմ են, թե՞ չէ»:

Այս օրինակներին հաջորդեցին ուրիշները: Իսկ ե՞րբ են գյուղացիները իրենց  երջանիկ զգալու: Նիկոլ Փաշինյանը այս հարցում իր տեսակետն ունի:

«Ե՞րբ են մեր գյուղացիները իրենց երջանիկ զգում, երբ որ իրենք շաբաթվա մեջ իրենց հարմար պարբերականությամբ կարողանում են հյուր գնալ և հյուր ընդունել, ուրիշների հետ շփվել: Սրա խոչընդոտը՝ տնտեսական բարդությունն է, որովհետև մարդիկ սիրում են լավ հյուր ընդունել, և, երբ որ մի քիչ այս առումով նեղված են զգում իրենց այդ երջանկության զգացումը պակասում է»:

Վարչապետը համոզված է՝ Երևանում երջանկության զգացումը ավելի բարձր է, քան գյուղերում, որովհետև մայրաքաղաքում շփման կուլտուրան վերջին 10 տարիներին  ձևավորվել է, երբ որ մարդիկ իրար հետ հավաքվել, գնացել են փաբ կամ սրճարան, ամեն մեկը մի քիչ վճարել, ասել, խոսել, զրուցել, ուրախացել են: Մարզերում այդ կուլտուրան դեռ  չի ձևավորվել: