«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արձագանքելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հունանյանի քայլը «խոսում է նրա մարդկային բարձր արժեքների մասին»։
«Քաղաքականությունը շատ պատասխանատու գործունեություն է, լինում են վրիպումներ, բայց ամենակարևորը՝ ունենալ քաջություն դրանց անդրադառնալու և ճիշտ արձագանքելու»,- ճեպազրույցի ընթացքում նշել է նախարարը՝ հավելելով, որ Հունանյանի հրաժարականը գնահատանքի արժանի քայլ է։
Սակայն այս հայտարարությունը հանրային դաշտում հակասական արձագանք է առաջացրել՝ հաշվի առնելով առողջապահական համակարգում նախկինում տեղի ունեցած ծանր միջադեպերը։ Մասնավորապես, 2020-ի 44 օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների դիակները Աբովյանի դիահերձարանում անմարդկային պայմաններում պարկերի մեջ լցված հայտնվել էին գետնին թափված վիճակում: Դիակների նկատմամբ այս անընդունելի վարքը լայն հանրային վրդովմունք էր առաջացրել։ Բայց Այդ սկանդալից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չներկայացրեց և սահմանափակվեց միայն ներողություն խնդրելով՝ չընդունելով համակարգային սխալի համար անձնական պատասխանատվությունը։
Երկակի չափանիշների նման դրսևորումը նախարարի կողմից մեղմ ասած ազնիվ չէ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



