Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր ընդդիմախոսների դեմ քարոզչական պատերազմում օգտագործում է հնարավոր բոլոր ռեսուրսները։ Այս իշխանության համար չկա բարոյականության սահման, երբ խոսք է գնում ընդդիմադիրներին սևացնելու մասին։
Օրերս հայտնի դարձավ, որ այրվել է Եռաբլուրում հուղարկավորված տղաներից մեկի շիրիմի ծաղիկները։ Իշխանական պրոպագանդան շտապեց հիշեցնել, որ տղայի մայրը օրերս նախագահ Քոչարյանին մոտեցած կինն է, ով մեղադրել էր երկրորդ նախագահին «իր որդուն շրջափակման մեջ գցելու» համար։
Քարոզչական աշխատանքին միացել էր նաև հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերությունը․ «Ինչ-որ մեկը հանդգնել է այրել Եռաբլուրում հանգչող 44-օրյա պատերազմի հերոսի գերեզմանի արհեստական ծաղիկները, այրվել է նաև լուսանկարի շրջանակը: Սուրեն Բաբայանի մայրը՝ տիկին Գալինան, կատարվածը պատահականություն չի համարում: Ի դեպ, հենց տիկին Գալինան էր մայիսի 9-ին Եռաբլուրում մոտեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և այդ միջադեպից հետո սպառնալիքներ էր ստացել»,-ասվում էր հանրայինի ռեպորտաժում։
Արդեն մի քանի օր է անցել այս միջադեպից, բայց իրավապահները որևէ բացատրություն չեն տվել, թե ի՞նչ է տեղի ունեցել, կամ արդյո՞ք հարուցել են քրեական գործ ու փնտրում են վանդալներին։
Իրավապահների անգործությունը և իշխանական պրոպագանդայի աշխատանքը հուշում են, թե ու՞մ կարող էր ձեռնտու լինել միջադեպը։ Եթե, անգամ, ծաղիկները պատահաբար են այրվել ու չկա որևէ մեկի չարանենգ դիտավորություն, ապա ակնհայտ է, որ առնվանզ քարոզչական դաշտում այն «այրել» են իշխանությունները։
Ի դեպ, զոհերի ծնողներին քաղաքական նպատակներով օգտագործելը Փաշինյանի ձեռագիրն է։ Բավական է հիշել միայն մատի 1-ի զոհերի ծնողների պատմությունը։ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներ, տարբեր ձևաչափերով օգտագործել է այդ ծնողներին նախագահ Քոչարյանի դեմ, բայց, անգամ, գալով իշխանության չտվեց ծնողներին հուզող ամենամեծ հարցի պատասխանը, թե ո՞վ է սպանել իրենց երեխաներին։
Հերոս Սուրեն Բաբայանի մայրիկին՝ տիկին Գալինային որևէ հարցում մեղադրելու իրավունք որևէ մեկը չունի և մենք կարող ենք միայն խոնարհվել նրանց առաջ, բայց տիկին Գալինային և այլ ծնողների քաղաքական, քարոզչական կեղտոտ խաղերի մեջ թաթախողները պետք է պատժվեն ամենախիստ պատժով։



