ԵՊՀ ռեկտորն ու Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին ու նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ:

Ռեկտորն Անն Լույոյին ներկայացրեց ԵՊՀ-ի գործունեությունը, բարեփոխման ծրագրերը, նշեց, որ ԵՊՀ-ն տարբեր ուղղություններով ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական առաջատար բուհերի հետ՝ իրականացնելով փոխանակման և ակադեմիական այլ ծրագրեր:

Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց ԵՊՀ-ի փոխգործակցությունը ֆրանսիական բուհերի հետ և հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ կհաստատվեն համագործակցային նոր կապեր, կգրանցվեն հաջողություններ, կյանքի կկոչվեն տարբեր ծրագրեր: 

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևոր համարեց երկու երկրների համալսարանների միջև կապերը, վստահեցրեց, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նշեց նաև, որ ֆրանսերենի ուսուցումն իրենց հետաքրքրությունների առաջնահերթություններից է, և որ այդ հարցում էլ իրենք կարող են օգտակար լինել ու նպաստել խնդիրների լուծմանը:

Ա. Մարգարովը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց այն ոլորտները և ուղղությունները, որոնց շրջանակում ԵՊՀ-ն համագործակցում է ֆրանսիական բուհերի հետ: Ըստ Միջազգային համագործակցության վարչության պետի՝ ԵՊՀ-ն այս պահին ունի 7 գործող համաձայնագիր ֆրանսիական բուհերի հետ, որոնցից 3-ի շրջանակում իրականացվում են կրկնակի դիպլոմով կրթական ծրագրեր:

Ֆրանսիական բանասիրության ամբիոնի պաշտոնակատար Գ. Սարգսյանն էլ խոսեց ամբիոնի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ Լիլի և Էքս Մարսելի համալսարանների հետ համագործակցության շրջանակում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկելու են կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական նոր ծրագրեր: 

Կողմերը քննարկեցին կոնկրետ ծրագրեր, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների գործակցությանը: 

Հանդիպման ավարտին Անն Լույոն այցելեց ԵԼՀ ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն, եղավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կահավորված Ակադեմիական նվաճումների կենտրոնում: 

Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առավել մանրամասն քննարկել համագործակցության ոլորտները: