
ԵՄ քաղաքացիների երեք քառորդն աջակցում է Ուկրաինային ֆինանսական եւ հումանիտար օգնությանը, երեք հինգերորդը հավանություն է տալիս ռազմական օգնությանը, գրեթե երեք քառորդն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այսպիսին են «Եվրոբարոմետրի» խոշոր հետազոտության արդյունքները։ Չորեքշաբթի հրապարակված համաեվրոպական «Եվրոբարոմետրի» վերջին հարցման համաձայն՝ հարցվածների 76 տոկոսը հավանություն է տալիս Ուկրաինային ֆինանսական եւ հումանիտար օգնության տրամադրմանը։ Եվրամիության կողմից Ուկրաինային զենքի եւ այլ ռազմական մատակարարումների գնմանն ու փոխանցմանն աջակցում է հարցվածների 59 տոկոսը։Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին հավանություն է տալիս եվրոպացիների 72 տոկոսը, իսկ ուկրաինացի փախստականների ընդունումը՝ 80 տոկոսը։ 77 տոկոսը համաձայն է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վտանգ է ներկայացնում նաեւ Եվրամիության համար։Վերջին գարնանային «Եվրոբարոմետրի» ընթացքում ԵՄ երկրների եւ ինը թեկնածու երկրների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ավելի քան 26 000 բնակիչներ հարցման են ենթարկվել մարտի վերջից մինչեւ ապրիլի վերջը։