Էմմա Պալյանը շահագործում է իր օգնական ամուսնո...

Երեկ «Ժողովուրդ» օարթերթից տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը ԱԺ-ում գրանցված է, որպես պատգամավորի օգնական։ ՔՊ-ական պատգամավորը լրատվամիջոցներին պարզաբանում էր տվել իր ամուսնուն իրեն օգնական նշանակելու մասով և ասել էր․«Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր լինելով՝ հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային ժողով։ Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա ուղղակի իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ, և վերադառնանք մարզ կամ մեր այլ գործի։ Դա էլ ոչ շատ հաճախ է լինում, ուղղակի դա է նպատակը»։

Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորի օգնականի պարտականությունները։ Օրենքի 11-րդ հոդվածի 2-6-րդ կետերումա սվում է․ «2. Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները և Ազգային ժողովի աշխատակազմը:

3. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝ 1) նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը. 2) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր. 3) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը. 4) կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ներկա լինել Ազգային ժողովի հանձնաժողովների հրապարակային նիստերին և խորհրդարանական լսումներին. 5) վարում է պատգամավորին ուղղված փաստաթղթերի գործավարությունը:

4. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն և պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:

5. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը կարող է ազատվել աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով, ինչպես նաև ազատվում է աշխատանքից պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում:

6. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից»:

Ինչպես կարելի է նկատել օրենքում ԱԺ պատգամավորի օգնականի պարտականությունների մեջ չի մտնում այն ինչի համար Էմմա Պալյանը օգնական է նշանակել իր ամուսնուն։ Օրենքի դիտանկյունից Պալյանը շահագործում է իր օգնական ամուսնուն։