Եմենի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվե...

Եմենի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 68 փախստական:  ՄԱԿ-ի տվյալներով՝  զոհվել են աֆրիկացի փախստաններ,  տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է Bild-ը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավակում մոտ 150 մարդ է եղել։ Նավը, ամենայն հավանականությամբ, Ջիբութիից ուղևորվում էր Եմենի Աբյան նահանգ։ Ըստ ամենայնի, նավը վատ եղանակային պայմանների պատճառով խորտակվել է։

Աբյան նահանգի առողջապահության պաշտոնյա Աբդուլ Քադիր Բաջամիլը հայտնել է, որ փրկվել է 10 մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ սկսվել է լայնածավալ որոնողական գործողություն, և մինչ այժմ հայտնաբերվել է 68 մարմին, այդ թվում՝ 54-ը, որոնք ափ են նետվել Խանֆար շրջանում:։

Եմենը շարունակում է մնալ Արաբական թերակղզում աշխատանք փնտրող բազմաթիվ աֆրիկացի միգրանտների նպատակակետը՝ չնայած 2014 թվականից ի վեր շարունակվող քաղաքացիական պատերազմին և ծանր մարդասիրական իրավիճակին: Փախստականները սովորաբար հույս ունեն Եմենից մեկնել Սաուդյան Արաբիա կամ տարածաշրջանի այլ նավթով հարուստ երկրներ, բայց շատերը մնում են Եմենում:

Ջիբութիի և Եմենի միջև գտնվող 27 կիլոմետրանոց (17 մղոն) Բաբ էլ-Մանդեբ նեղուցը համարվում է աշխարհի ամենավտանգավոր երթուղիներից մեկը, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ):