
Եվրամիությունը նախատեսում է ստեղծել միջպետական պաշտպանության համատեղ ֆոնդ՝ տեխնիկայի գնման համար, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։ «Եվրամիության ֆինանսների նախարարներն այս շաբաթ կքննարկեն պաշտպանության համատեղ միջպետական ֆոնդի ստեղծման հարցը, որը ձեռք կբերի եւ կունենա պաշտպանական տեխնիկա եւ անդամ երկրներից դրա օգտագործման համար վճար կգանձի… «Եվրոպական պաշտպանական մեխանիզմը (European Defence Mechanism, EDM), որը նաեւ վարկեր կտրամադրի, կընդունի ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ուկրաինան կամ Նորվեգիան»,- նշվել է գործակալության հայտարարությունում՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին:Նշվել է, որ Bruegel վերլուծական կենտրոնի պատրաստած փաստաթուղթը ենթադրում է, որ ֆոնդը կտրամադրի պաշտպանության ֆինանսավորում՝ առանց առանձին երկրների պետական պարտքերի ավելացման։ Գործակալության տվյալներով՝ նոր ֆոնդի նախագծի քննարկումը, որը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը Վարշավայում ԵՄ ֆինանսների նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, համաեվրոպական քննարկման մաս է՝ կապված Ռուսաստանի կողմից ենթադրյալ հնարավոր հարձակման ֆինանսավորման հետ, քանի որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ այլեւս չեն կարող լիովին ապավինել ԱՄՆ-ին իրենց պաշտպանության համար։Մարտի 19-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է իր նոր պաշտպանական ռազմավարությունը՝ «Եվրոպայի վերազինումը», որը նախատեսում է մոտ 800 մլրդ եվրոյի օգտագործում առաջիկա չորս տարիների ընթացքում ԵՄ երկրների պաշտպանությունն ուժեղացնելու եւ Ուկրաինան զենքով լցնելու համար։ Ռազմավարության անվանումը հետագայում փոխվել է՝ դառնալով ոչ այնքան ագրեսիվ «Պատրաստվածություն 2030»՝ ԵՄ մի շարք երկրների բողոքի պատճառով։