Ռազմական օգնությունն Ուկրաինային, Սիրիայի իրավիճակը Բաշար Ասադի տապալումից հետո եւ հնարավոր պատժամիջոցները Վրաստանի իշխանությունների դեմ կդառնան ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների 2024թ. վերջին նիստի գլխավոր թեմաները Բրյուսելում։ Այն տեղի կունենա ԵՄ դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալասի նախագահությամբ։
Ինչպես լրագրողներին Բրյուսելում ասել է ԵՄ ներկայացուցիչը, հակամարտությունն Ուկրաինայում եւ նրան ցուցաբերվող ռազմական օգնությունը մնում են ԵՄ բացարձակ առաջնահերթությունը։ Սա է մտադիր ցուցադրել Կալասը նախարարների խորհրդում՝ շեշտադրելով Կիեւի ռազմական օգնության անհրաժեշտությունը։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան հեռահար կմասնակցի նիստին եւ կտեղեկացնի ճակատի իրավիճակի եւ Կիեւի պահանջմունքների մասին։
Նախարարները կհաստատեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, ինչպես նաեւ սեւ ցուցակը Մոսկվայի հիբրիդային պատերազմների պատճառով։ Անցած շաբաթ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են պատժամիջոցների 15-րդ փաթեթը, որոնք ներառում են միջոցներ օտարերկրյա լցանավերի դեմ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում։
EUobserver պորտալը, հղում կատարելով նոյեմբերի 28-ի փաստաթղթին, տեղեկացրել է, որ սեւ ցուցակում կներառվեն 54 մարդ եւ 29 կազմակերպություն։ Բացի այդ, պորտալի տվյալներով, ԵՄ-ը գորշ ցուցակ (դրանում ընդգրկվողների համար պահանջվում է լրացուցիչ հսկողություն) կմտցնի 34 ընկերություն եւ 47 նավ։