ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ կապվ...

Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրի (վիզաների)  ազատականացման գործընթացն ակտիվ փուլում է։ Մեկնարկել է եվրոպական փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան։ Առաջին այցը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա փետրվարի 10-ին։ Երկրորդ այցը մեկնարկում է ապրիլի 7-ից և տևելու է 5 աշխատանքային օր։ Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշեց, որ յուրաքանչյուր այցից հետո պատրաստվում է զեկույց։

«Այս այցերից հետո, ընդհանուր առմամբ, ունենալու ենք երկու զեկույց։ Դրանց  հետ կապված մենք առաջարկներ ներկայացնելու, շտկումներ կատարելու հնարավորություն ենք ունենալու։ Մինչև հունիս արդեն կմշակվի բուն գործողությունների ծրագիրը, որն այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։ Որքան էլ այլ երկրների փորձով մենք պատկերացնում ենք, թե այնտեղ ինչ է գրված լինելու, ամեն դեպքում, երբ փաստաթուղթը կունենանք, ըստ սահմանված թիրախների կկարողանանք ավելի կոնկրետ կանխատեսումներ անել, թե ինչ է պահանջվում։ Ասեմ, որ ամենաբարդ ենթակառուցվածքը, որը նաև նորություն էր Հայաստանի համար, կենսաչափական անձանգրի ներդրումն է, որի շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Նելլի Դավթյանը։

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հնարավոր ժամկետներին, ապա Նելլի Դավթյանը նշեց, որ դեռ վաղ է կոնկրետ ժամկետներ նշելը։ Հաշվի առնելով, որ Մոլդովայի դեպքում 4, Վրաստանի պարագայում 5 տարի է պահանջվել, ապա համանման ժամկետներ ակնկալվում է նաև Հայաստանի դեպքում։ 

2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: