
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Ռուսաստանի նախագահի այցը Հունգարիա պատշաճ չի համարում՝ հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրաման է տվել: Այս մասին Կալասն ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս:
«Հարցն այն է՝ արդյոք սա ինչ-որ արդյունք կտա թե ոչ», - լրագրողների հետ Կայա Կալասի զրույցի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը ողջունել է խաղաղության հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ հավելելով, որ իրենք չեն տեսնում, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում:
Կալասը նաև հայտնել է, որ այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կընդունվի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:
Իր հերթին, գագաթնաժողովին ժամանելիս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածը: Նա նույնպես անդրադարձել է Բուդապեշտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների նախատեսվող հանդիպմանը:
«Վլադիմիր Պուտինի ներկայությունը Եվրամիության տարածքում իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ հրադադարի՝ առանց նախապայմանների», - նշել է Բարոն:
Հոկտեմբերի 16-ին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում շուտով հանդիպելու պայմանավորվածության մասին։