Եվրամիությունը կապ կհաստատի Սիրիայի նոր ղեկավարության հետ և կվերաբացի իր պատվիրակությունը երկրում, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ֆոն դեր Լայենը Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է անմիջականորեն համագործակցի Բաշար Ասադին տապալած հարձակումը գլխավորած իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամի» խմբավորման հետ:
«Սակայն կանխատեսելիության բացակայությունը ծայրահեղ զգուշություն է պահանջում։ ԴԱԻՇ-ի (Իսլամական պետություն) վերածնման վտանգը, հատկապես արևելյան Սիրիայում, իրական է: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Եվ Թուրքիայի օրինական անվտանգության մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- հավելել է նա:
Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կավելացնի մարդասիրական օգնությունը Սիրիային և կփորձի օգնել վերականգնելու հիմնական ծառայությունները, մասնավորապես՝ էլեկտրականությունը, ջուրը և ենթակառուցվածքները:
Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Եվրախորհրդարանում հայտարարել է Սիրիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու անհրաժեշտության մասին։
«Ցանկանում ենք, որ այս պատվիրակությունը վերստին լիարժեք գործի»,-հայտարարել է Կալլասը:
Նա հայտնել է, որ ԵՄ պատվիրակության ղեկավարին խնդրել է երկուշաբթի մեկնել Դամասկոս՝ Սիրիայի նոր ղեկավարության և տարբեր այլ խմբերի հետ կապ հաստատելու համար։
Սիրիայում ԵՄ պատվիրակությունը երբեք պաշտոնապես չի փակվել, սակայն սիրիական պատերազմի ժամանակ Դամասկոսում հավատարմագրված դեսպան չի եղել։