
Եվրամիությունն իր անդամ երկրների քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրան ուղեւորություններից։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ՝ արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անձնական անվտանգության համար լուրջ վտանգի պատճառով ԵՄ երկրները խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց»,- ասվում է տեքստում։ Եվրամիությունը «ամբողջովին մերժում է ԵՄ քաղաքացիների եւ ԵՄ երկրների ու Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձանց անհիմն կալանավորման պրակտիկան», ասվում է փաստաթղթում։
Երկուշաբթի ավելի վաղ ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների իբր խախտման պատճառով՝ սեւ ցուցակում ներառելով եւս 32 ֆիզիկական եւ 2 իրավաբանական անձանց: Ինչպես փետրվարի 15-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրամիությունը մտադիր է նաեւ փետրվարի 24-ին Իրանի դեմ պատժամիջոցների առանձին բլոկ մտցնել՝ որպես հակառուսական սահմանափակող միջոցների 10-րդ փաթեթի մաս։ Դրանում կներառվեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ։