ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն պաշտպանի Վրաստանի շահերը. Թբ...

ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից ոչ ոք չի գա Վրաստան և չի պաշտպանի հանրապետության շահերը, բացի հենց վրաց ժողովրդից: Ինչպես  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Ես շատ անգամ ասել եմ և մեկ անգամ ևս կկրկնեմ, որ թող ոչ ոք չկարծի, թե մեր շահերը պաշտպանելու համար որևէ մեկը մեզ մոտ կգա Եվրոպայից կամ Ամերիկայից: Բոլորն ունեն իրենց շահերը, բոլորը մտածում են իրենց երկրի մասին, և, իհարկե, մենք՝ վրացիներս, առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի, ժողովրդի և ապագայի մասին», - ասել է Կալաձեն լրագրողներին:

Նա կրկին հիշեցրել է, թե ինչպես Արևմուտքի երկրները Վրաստանի իշխանություններին կոչ արեցին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և այդ կապակցությամբ  Եվրախորհրդարանն ընդունեց բազմաթիվ բանաձևեր:

«Դուք հիշում եք, թե ինչպես էին մեզ քննադատում և ուղղակիորեն սպառնում, բանաձևեր ընդունում, կոչ անում, որ մենք պատժամիջոցներ սահմանենք, դրանով իսկ վնաս հասցնենք մեր երկրին, տնտեսությանը և ժողովրդին, իսկ նրանք (խմբ.՝ Արևմուտքի երկրները) պետք է օգտվեին դրանից։ Դրանք սովորական երկակի ստանդարտներ են։ Բոլորը գործում են՝ ելնելով իրենց շահերից», - հավելել է քաղաքական գործիչը։

2022 թ. փետրվարի 25-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ չի պլանավորում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ դա բացատրելով ազգային շահերով: