Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:
Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:
Եվրամիությունից շեշտել են՝ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։ «Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներում»,-ասված է հայտարարությունում:
ԵՄ-ից վստահեցրել են, որ հանձնառու են աջակցել այս գործընթացին:
Արցախի ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին քվեարկությամբ Սամվել Շահրամանյանին ընտրել է Արցախի նախագահ։ Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10 -ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ։