ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան...

Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դեռ հստակ որոշված չէ. «Այսօր կժամանի տեխնիկական խումբը, կքննարկվի նաև այդ հարցը», - ասաց փոխնախարարը:

Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որ խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

Հիշեցնենք՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն: Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն: