ԵՄ-ի և նրա անդամների ռազմական օգնությունն Ուկ...

Եվրոպական միության և նրա կազմի մեջ մտնող երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության գումարը հասել է 33 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Եվրամիության երկրները մտադիր են 2024 թ. Ուկրաինային երկկողմ կարգով տրամադրել 20 միլիարդ եվրո գումարի ռազմական օգնություն, հավելել է նա։

«Եթե (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը նվաճեր Ուկրաինան, իսկ Ուկրաինան սպիտակ դրոշ բարձրացներ ու հանձնվեր, ապա Կիևում խամաճիկ ռեժիմ կհաստատվեր, ուկրաինացի ժողովուրդը կճնշվեր, իսկ ռուսական բանակը կհայտնվեր մեր սահմաններին: Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ դրանով նրանք կանգ չեն առնի», - Բորելի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ եվրոպական պատասխանի արագությունը «պետք է համապատասխանի ռուսական սպառնալիքի մասշտաբներին»: