ԵՄ երկրները պատժամիջոցներ կսահմանեն ութ մարդո...

ԵՄ երկրները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել ութ մարդու եւ կազմակերպությունների նկատմամբ՝ «Ուկրաինային ռուսական հարվածների ժամանակ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործելու համար», հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցների հարցերով փորձագետները չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը համաձայնեցրել են ցուցակը։ Այն ազգային դեսպաններին կներկայացվի այսօր կեսօրին նախատեսված հանդիպման ժամանակ։

ԵՄ կառավարությունները մինչեւ հինգշաբթի առավոտ պետք է որոշեն պատժամիջոցները հաստատելու հարցը: Նպատակն այն է, որ փաթեթը համաձայնեցվի նախքան առաջնորդները կհանդիպեն Բրյուսելի գագաթաժողովում, որը տեղի կունենա այդ օրն ավելի ուշ:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման ժամանակ լայն քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ԵՄ-ն պետք է արագ արձագանքի: «Այժմ, երբ մենք բավականաչափ ապացույցներ ենք հավաքել, խորհրդում շարունակվում է աշխատանքը՝ հստակ, արագ եւ հաստատուն պատասխան տալու համար»,- նշել է նա։