ԵՄ երկրները պատրաստում են Ուկրաինայում խաղաղ...

ԵՄ երկրների ղեկավարները մշակում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների իրենց տարբերակը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրի, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

«Եվրոպացի առաջնորդները խաղաղ կարգավորման վերաբերյալ պատասխան առաջարկ են պատրաստում այլ պայմաններով և հույս ունեն համոզել Ուկրաինային ընդունելու այդ ծրագիրը, որը նրանց խոսքով  ավելի բարենպաստ կլինի Կիևի համար»,- հայտնել է թերթը:

Նշվում է նաև, որ ԵՄ-ն «նախատեսել է ծրագիրն ավարտել առաջիկա օրերին», սակայն Կիևը դեռևս չի պարտավորվել միանալ դրան։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ի և եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ծրագրի մշակմանը:

Սպիտակ տունն էլ տեղեկացրել է, որ ամերիկյան վարչակազմը հավասարապես շփվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ ուկրաինական կարգավորման առաջարկությունները մշակելիս:

«Նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավասարապես աշխատել են և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ՝ հասկանալու, թե ինչի են հանձնառու այս երկրները երկարատև խաղաղության հասնելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։