Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, այս առումով դրական արձագանքներ կան նաև Եվրամիությունից:
Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական ինտեգրման օրակարգ ԵՄ-ի հետ:
Հովհաննիսյանը հիշեցրեց Եվրոպական խորհրդարանում վարչապետի ելույթը, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Ըստ Հովհաննիսյանի՝ դա միշտ էլ եղել է Հայաստանի դիրքորոշումը:
«Քաղաքական առումով համագործակցությունը խորացվել է: Ավելին՝ այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության մեկնարկ: Հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերին Բրյուսելում, առաջինը Երևանում հունվար ամսին էր: Իհարկե, դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում է, և կան դրական արձագանքներ ԵՄ-ի և անդամ երկրների կողմից»,-ասաց Հովհաննիսյանը:
Փոխնախարարն աննախադեպ համարեց նաև քաղաքական այցերի մակարդակը: