
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղ, որտեղ աշակերտներին են ներկայացրել առաքելության գործունեությունն ու նպատակները։
Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ ենք այցելել Կապան համայնքի Օխտար գյուղի դպրոց և ներկայացնել Եվրոպական միության առաքելության գործունեությունն ու մանդատը։ Մեր թիմը աշակերտներին և նրանց ծնողներին ծանոթացրեց առաքելության ամենօրյա աշխատանքին և ընդհանուր նպատակներին»,-ասված է առաքելության գրառման մեջ։
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։ 2025 թվականի հունվարին Եմ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։
2025 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ առաքելությունը 6000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։