ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն...

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը աջակցում է հեռահար զենքով ՌԴ-ին խփելու թույլտվության գաղափարին։

«Ես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Ուկրաինան պետք է ունենա զենքն օգտագործելու հնարավորություն, որը մենք տրամադրել ենք նրան, որպեսզի ոչ միայն նետերը կանգնեցնենք, այլեւ խոցենք նետահարներին»,- ասել է Բորելը Բրյուսելում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ, տեղեկացրել է BBC-ն։

«Ես նախկինի պես կարծում եմ, որ դա այն է, ինչը պետք է անել։ Ես համոզված եմ, որ մենք դա կքննարկենք մեկ անգամ եւս։ Հուսով եմ, որ անդամ պետությունները կհամաձայնեն դրան»,- ավելացրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է ամերիկյան ATACMS հեռահար հրթիռների օգտագործման արգելքը Ռուսաստանի թիրախներին խփելու համար, այս մասին տեղեկացրել են New York Times-ը եւ այլ լրատվամիջոցներ։