ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա...

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հավակնությունները մեծապես գնահատում եմ: Մենք ընդհանուր արժեքների վրա ենք հիմնում մեր գործընկերությունը, և այս ժամանակաշրջանում իսկապես կիսում ենք ամուր եվրոպական արժեքները: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  ասել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը:

«ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է, և մենք քաջալերում ենք Հայաստանին՝ շարունակելու ժողովրդավարացման արժեքներն առաջ մղելու, կոռուպցիայի դեմ պայքարն առաջ տանելու գործընթացները: ԵՄ-ն այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնում»,- ասաց նա:

«Մենք մեծապես գնահատում ենք խաղաղության ձեր ջանքերը, խաղաղության օրակարգը, եվրոպական օրակարգը: Շատ ուրախ եմ, որ այսօր այս տարածաշրջանում Հայաստանը և Ադրբեջանն այսպիսի իրավիճակում են, կարևոր քայլ առաջ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Սա ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների է հանգեցնելու, բայց սա նաև շատ յուրահատուկ հնարավորություն է երկու կողմերի համար՝ խաղաղության համաձայնագիր ունենալու, որ երկու կողմերն էլ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը:

Ես գնահատում են այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է խաղաղության այս նախաձեռնություններում, քանի որ խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար: Մենք քաջալերում և ողջունում ենք նախագծի տեքստի ամփոփման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հաստատման քայլերը:

Ինչպես դուք ասացիք, հուսանք, որ ստորագրումը շուտով կլինի, և հուսանք, որ լարվածությունն այդպիսով կնվազի այս տարածաշրջանում»,- ասաց Ֆայոնը: