ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավ...

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հերքել է Բաքվի պնդումները ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ։

Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հարցին՝ նա « ոչ ճշգրիտ» է որակել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը։

«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից բացի այլ հարցեր չեն շոշափվելու։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցեր չեն քննարկվելու։ Հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և այս երկրի հետ երկկողմ համագործակցության վրա:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը։ Սա հնարավորություն կլինի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա հիմնվելով նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով։ Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս. մեր ջանքերն ուղղված են ոչ թե որևէ մեկի դեմ, այլ դեպի ողջ տարածաշրջանի և նրա կայունության շահերը»,- ասել է Ստանոն։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ համակարծիք չէ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության հետ առ այն, որ ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կայանալիք հանդիպումը «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա»։ Այս մասին ճեպազրույցում ասել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և լուծել մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիոն լինել կամ անհանգստացնել աշխարհի որևէ երկրի», - ասել էր Միլլերը: