«Էլիտ Շին Գրուպ»-ը տուգանվել է 1 մլն դրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ, 21 փող․, 3/1 հասցեում գտնվող «Էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։

Ստուգման ժամանակ չեն ներկայացվել ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսության տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունը և ռեեստրում գրանցման վկայականը։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ պետք է գրանցվի հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև առնվազն տարեկան 1 անգամ անցնի տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ Այս պահանջները չկատարելը նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթում առկա ապացույցներով հիմնավորվել է այն փաստը, որ «Էլիտ Շին Գրուպ» ՍՊԸ-ն կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսությունը շահագործել է՝ առանց կատարելու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 1․000 000 (1 միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

ՔՏՀԱ տեսչական մարմին