
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 27-28-ը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի կազմավորման 20-ամյակին նվիրված համաժողովին։
Հանձնաժողովից հայտնում են, որ համաժողովի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով շուկաների ազատականացման գործընթացին և մուտքի խոչընդոտներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը՝ ներկայացնելով 2022 թվականից մեկնարկած էներգետիկայի շուկայի ազատականացման ՀՀ փորձը։
«Վստահաբար կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում։ Ավելին, մենք արդեն կարող ենք նկատել, որ բարեփոխումների արդյունքում շուկայի ազատական հատվածից էլեկտրաէներգիայի ձեռքբերման պարագայում որակավորված խոշոր սպառողների համար միջին գները նվազել են»,- նշել է ՄՊՀ նախագահը։
Կենտրոնը ՏՀԶԿ և Հունգարիայի մրցակցության մարմնի միջև համագործակցության նախագիծ է, որի նպատակն է Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում խթանել մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման կարողությունների զարգացումը: