Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս...

Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։

Ասոցացիայի տարածած հաղորդագրության մեջ գրված է, որ քաղաքացիներին հավանաբար թյուրիմացության մեջ է գցել լայն տարածում ստացած այն ձևակերպումը, որ քվոտան բաշխված է «ֆիզիկական» և «իրավաբանական» անձանց միջև, մինչդեռ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ տարանջատվում են «պաշտոնական ներկայացուցիչներն» ու մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ անհատ քաղաքացիները։

«Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2025թ. համար նախատեսված ընդհանուր քվոտայի 3000 մասնաբաժինը, կտրամադրվի բացառապես այն ընկերություններին, որոնք ներմուծումն իրականացնում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մանրամասն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և ստուգելով տեխնիկական սպասարկման կենտրոնների համապատասխանությունը, 0% ներմուծման մաքսատուրքի կիրառման իրավունք է շնորհել ԱՊՆԱ անդամ կամ գործընկեր հանդիսացող հետևյալ ընկերություններին․

  • «Ավանգարդ» ՍՊԸ – Volvo
  • «Անդրոն» ՓԲԸ – Neta
  • «Ավտո Գելրի» ՓԲԸ – IM Motors, SAIC Maxus
  • «Ավտոհաուս» ՍՊԸ – Porsche
  • «Ի-Ավտո» ՍՊԸ – Hongqi, Bestune
  • «Ի-Վի Մոթորս Գրուպ» ՍՊԸ – JAC
  • «Ինտերքարս» ՍՊԸ – Aiqar, Dongfeng, Voyah
  • «Եվրոմոթորս» ՓԲԸ – BMW, Mini
  • «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ – Kia
  • «ՎԳ Մոթորս» ՍՊԸ – Chery
  • «Մուրան ՍՊԸ» – Nissan, Geely, Zeekr
  • «Սլավմոթորս» ՍՊԸ – Audi
  • «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ – Jaguar, Land Rover
  • «Էյ-Բի-Սի Ավտո» ՍՊԸ - Arcfox
  • «Սի-Ար Ավտո» ՍՊԸ - Changan

Ընդ որում, Կառավարության որոշումը ենթադրում է, որ ցանկը կարող է համալրվել սահմանված պահանջներին համապատասխանող այլ ընկերություններով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ մամուլում և սոցցանցերում տարածվող այն պնդումները, թե վերը հիշատակված ընկերությունները ինչ-ինչ եղանակներով օգտվել են նաև քվոտայի մյուս մասնաբաժնից, իրականությանը համապատասխանել չեն կարող՝ հաշվի առնելով վերահսկողության այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀՀ Կառավարության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ։