Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն անընդունելի է անվանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի սպառնալիքները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հասցեին։ Այս մասին նա գրել է X-ում (Twitter):
Կոբախիձեն ասել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է լքի իր պաշտոնը դեկտեմբերի 29-ին, այն օրը, երբ լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, համաձայն սահմանադրության՝ ակնարկելով, որ հրաժարվելու դեպքում իրեն կարող են ազատազրկել:
Այս կապակցությամբ Ռուսոպուլոսը հիշեցրել է Կոբախիձեին, որ Վրաստանը դեռևս Եվրախորհրդի մաս է։
«Ես կցանկանայի հիշեցնել վարչապետ Կոբախիձեին, որ նրա երկիրը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Այն ուղղակի սպառնալիքը, որ նա այսօր հնչեցրել է Սալոմե Զուրաբիշվիլիին, որ նրան կարող են բանտարկել, երբ նրա լիազորությունների ժամկետը լրանա դեկտեմբերի 29-ին, անընդունելի է և հակասում է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին»,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը։
Ռուսոպուլոսը կոչ է արել հետ կանչել հայտարարությունը և իր գործողությունները համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի սկզբունքներին, որոնք նա պետք է հարգի: