Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ ա կետը նրա մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց պահպանման երաշխիքներին։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն։ Այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։
Ընդ որում, խոսքը վերաբերվում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին։ Ես կարծում եմ, որ նաև եպիսկոպոսած դասը, հոգևոր դասը պետք է քննարկի և որոշման գա մի հարցում, արդյոք պահպանվո՞ւմ է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է, արդյոք դա բացարձակ պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ։
Բացի սրանից, եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է նաև հստակ պարզաբանվի, թե ի՞նչ է դա նշանակում, որովհետև վերջին ամիսներին մենք հասկանում ենք, որ զանազան մեկնաբանություններ անելու փորձեր կան և պետք է հարցերին շատ հստակ պատասխան ունենալ։
Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հարցերում հոգևոր դասը պետք է ինքը քննարկի և որոշի։ Այստեղ խնդիրն այն է, որ ինչ էլ քննարկի և որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն, և երկրորդը պետք է նաև մեխանիզմներ լինեն բարեվարքության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու։
Պետք է հստակ լինի, թե վարքականոնի բարեվարքության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ։ Բացի դա, հանրությունն էլ պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված կոնկրետ խնդիրներ ունենալու դեպքում, փաստեր ունենալու դեպքում, որ մարմնում է, որ այդ փաստերը կարող է բարձրացնել և ստանալ հարցերի պատասխանները։
Ընդ որում սա վերաբերվում է թե անհատին, թե հանրությանը, որովհետև շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն։
Ուզում եմ հիշեցնել ես այսպիսով մեկնաբանում էի իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ ա կետը հաջորդի մյուս կետերին նույնպես կանդրադառնամ»։



