
ԵՄ Խորհուրդը և Եվրախորհրդարանը նախնական համաձայնություն են կնքել Եվրամիություն մուտքի և ելքի ավտոմատացված սահմանային համակարգի (Entry/Exit system, EES) աստիճանական գործարկման մասին, որը կփոխարինի արտասահմանյան անձնագրերում դրոշմակնիքներին։ Այս մասին հաղորդվում է ԵՄ Խորհրդի կայքում։
Համակարգի ներդրման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2017 թվականին, դրա գործարկումը մի քանի անգամ հետաձգվել է։ Վերջին ժամկետ էր նշվում 2024 թվականը։ Սակայն անցյալ տարեվերջին Եվրահանձնաժողովը (ԵՀ) կրկին հետաձգեց EES-ի գործարկումը, քանի որ Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները պատրաստ չէին դրա ներդրմանը, հաղորդում է DW-ն։ Այն ժամանակ ԵՀ-ն պահանջեց ստեղծել ոչ թե միաժամանակյա, այլ համակարգի աստիճանական գործարկման նոր կանոնակարգ։
Նոր համաձայնագրում առաջարկվում է EES-ի աստիճանական ներդրման համար հատկացնել վեց ամիս։ «Այս անցումային շրջանի ավարտին անդամ երկրները կշարունակեն ձեռքով կնիքներ դնել ուղևորափաստաթղթերում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ EES-ն ամբողջությամբ կփոխարինի արտասահմանյան անձնագրերում դրոշմակնիքներին։
ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի համաձայնագիրը չի նշանակում, որ EES-ը կսկսեն ներդնել հենց հիմա։ Համակարգի աստիճանական գործարկման մեկնարկի ամսաթիվը պետք է սահմանի Եվրահանձնաժողովը։ Բացի այդ, մայիսի 19-ին ձեռք բերված համաձայնագիրը նախնական է, այն դեռ պետք է վերջնականապես հավանության արժանացնեն հենց ԵՄ Խորհուրդը և Եվրախորհրդարանը։
EES թվային համակարգը թույլ կտա ավտոմատ կերպով գրանցել Շենգենյան գոտի մուտք գործողների և դրա սահմաններից դուրս եկողների տվյալները, այդ թվում՝ կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը և դեմքի լուսանկարը։ ԵՄ երկրների իշխանությունները մշտական հասանելիություն կունենան երրորդ երկրների քաղաքացիների անձնական տվյալներին և նրանց ուղևորությունների պատմությանը, ինչպես նաև կկարողանան վերահսկել, թե արդյոք նրանք պահպանում են մնալու թույլատրված ժամկետը։