Ազգային ժողովի այսօրվա քննարկմանն է ներկայացվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Հարցը զեկուցեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը:
Փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:
Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:
Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի` սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք:
Այն ապրանքների մասով, որոնք ներառված են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսված են դրույթներ, համաձայն որի` կողմերը պարտավորվում են չկիրառել քանակային սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել առևտրում տեխնիկական խոչնդոտների և սանիտարական, անասնաբուժական և ֆիտոսանիտարական միջոցների ԱՀԿ բազային սկզբունքները:
Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ kողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ:
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ:
Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:
Ցանկերում նշված որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվում է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում /սառեցում/: Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը և մեղրը:
Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը:



