Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3,5%-ով և գերազանցել 1 տրիլիոն դոլարը։ Այս տվյալները ճեպազրույցում ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«ԵԱՏՄ-ում 9 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,5%-ով՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել ավելի քան 1 տրլն դոլար: Նաև 9 ամիսների ընթացքում աճել է կատարված շինարարական աշխատանքների ծավալը. այն ավելացել է ավելի քան 9%-ով և կազմել մոտ 135 մլրդ դոլար»,- ասել է նա։
Մալկինան նշել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում հիմնական կապիտալում ներդրումները հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով ավելի քան 8 տոկոսով: