Ձեզ ինչպե՞ս հաջողվեց ուղղաթիռով հասնել Հայաստ...

Ձեզ ինչպե՞ս հաջողվեց ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, իսկ Արցախի մնացած ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ոչ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում այս հարցը լրագրողները տվեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին:

Ի պատասխան նա ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել որոշումները, որոնք կայացվում էին Ադրբեջանում: Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացնում էին ադրբեջանցիները: Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել: Դրա պատասխանը ժամանակի ընթացքում մենք կստանանք»:

Հարցին՝ հնարավոր չէ՞ր ադրբեջանցիների հետ բանակցությունների չգնալ եւ չստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը, ի՞նչ կլիներ այդ դեպքում, Շահրամանյանը պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Ոչ ոչ չէր կարող կանխատեսել, թե ինչպիսին է լինելու ելքը: Մինչեւ վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց տները: Մենք բանակցում էինք  դրբեջանական կողմի հետ, որպեսզի պահպնենք իրավիճակը կայուն եւ սկսենք բանակցություններ Արցախի եւ Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ: Բայց Ադրբեջանի կողմից համապատասխան չենք ստացել այդ երաշխիքները, որ ժողովուրդը կարող է անվտանգ շարունակել այնտեղ ապրել»:

Խոսելով մեղադրանքների մասին, որ Արցախի ղեկավարությունը հրաժարվեց Սոֆիայում Ադրբեջանի հետ բանակցություններից եւ գնաց բանակցելու Եվլախում, Արցախի նախագահն ասաց. «Այդ ժամանակ նախագահ էր Արայիկ Հարությունյանը եւ ինչքան ես տեղյակ եմ, արցախյան կողմը երբեք բանակցություններից չի հրաժարվել, ոչ մի տեղ, ոչ մի պարագայում»: