Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի ընդդիմությունը ցանկանում է, որ Հայաստանն առհասարակ սահմաններ չունենա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Իհարկե, դա շատռ հիանալի երազանք է, որ ունենանք անծայրածիր երկիր, ծովից ծով Հայաստան եւ այլն, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դուք ԱԺ պատգամավորներ եք ՀՀ-ում, այսօր 2024 թիվն է եւ կոնկրետ աշխարհաքաղաքական զարգացումներ գոյություն ունեն: Պետություններն ունեն սահմաններ, միջազգային իրավունք կա:
ՍԴ-ն արձանագրել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր Սահմանադրության մեջ չկա կետ, որով մենք տարածքային պահանջներ ունենք այլ երկրների նկատմամբ: Սահմանազատումն ամենակարեւոր գործընթացն է այսօր ՀՀ-ում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու ճանապարհին: Դուք Կիրանցից սկսած կռիվ եք տալիս սահմանազատման գործընթացի դեմ, ինչո՞ւ, իմաստը ո՞րն է:
Շատ տրամաբանական է ամեն ինչ. Եթե գնանք հետ, Կիրանցում ամեն բան արեցիք, որ պրոբլեմ ստեղծվի, լարվածություն լինի, հիմա էլ փորձում եք Հայաստանը թողնել մի իրավիճակում, երբ որ անվտանգային ռիսկերը շատ-շատ մեծ են»,- հայտարարեց պատգամավորը:
«Դուք ամեն բան ուզում եք անեք, որ Հայաստանը չդառնա հստակ սահմաններով պետություն, որովհետեւ դա ձեր տերերին պետք չի, ձեր տերերին պետք է, որ Հայաստանը լինի հենակետ, դուք էլ այդտեղ լինեք օրապահ, երեւի: Ձեր դեպքում «դնեվալնի» ասելն ավելի ճիշտ կլինի»,- ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:



