Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են...

Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը՝ ոչնչացնելու այն հայկական ու համամարդկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։

«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն «իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։