Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա, ուզու...

Ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Դուք ընդամենը ուզում եք Ադրբեջանում գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի, հենց հիմա դուք դա եք փորձում անել:

Պարոն Ռուստամյանն ասում է՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների ընթացքում: Լո՞ւրջ եք ասում, ի՞նչը հստակ չէ: Այսինքն էստեղ ինչ-որ մեկը կասկածում է, որ ՀՀ կառավարությունն ուզում է գերիները վերադառնա՞ն: Բոլորը մեր դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց բոլոր հայտարարություններում, գործողություններում  նշում են հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց Հայաստանի վերադարձի անհրաժեշտությունը: Ի՞նչը  էստեղ հստակ չի:

Կամ որ Արթուր Խաչատրյանն ասում է՝ Հայաստանը լուռ է, պարոն Ռուստամյան, երբ միասին Հռոմում էինք և բանաձեւերից մեկում ընդգրկվեց ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի մասին կետ, դա իմ լռության արդյունքում մտցվե՞ց, թե՞ իմ չլռության արդյունքում»,-ասաց նա:

Ռուբինյանը նկատեց, որ 2020 թվականից հետո տարբեր փուլերով հարյուրավոր գերիներ են վերադարձել. «Այդ փուլերից առաջ ԱԺ-ն հայտարարությո՞ւն էր ընդունում, որ վերադառնում էին:

Իսկ դուք, իմ տպավորությամբ  անում եք հետեւյալը. Ուրիշ թեմա չի մնացել, որոշել եք քաղաքական նպատակներով կապիտալիզացնել գերիների առկայության հարցը, իսկ իրականում հայ ռազմագերիներն ու պահվող այլ անձիք կվերադառնան, թե չեն վերադառնա` կախված է ոչ թե այս նիստից, այլ` Հայաստանի դիվանագիտական աշխատանքից»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ խորհուրդ տալով հայտարարությունների փոխարեն լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին: